Ռուսաստանի իշխանությունները ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները ոչ լեգիտիմ են համարում եւ իրենց պատասխան միջոցառումների իրավունք վերապահում, այդ թվում՝ գործող առեւտրային համաձայնագրերի մասով, հայտարարել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այդ որոշումներն, անկասկած, անընդունելի են, քանի որ ընդհանրապես գտնվում են միջազգային իրավունքի հարթությունից դուրս: Եվ, իհարկե, մեզ պատասխան միջոցառումների իրավունք ենք վերապահում, ներառյալ գործող առեւտրային համաձայնագրերը եւ ընթացակարգերը»,- ասել է Մեդվեդեւը:

Մեդվեդեւը կառավարությանը նաեւ հանձնարարել է օգնել պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններին:

ՌԴ վարչապետը շեշտել է, որ ռուսական ընկերությունների եւ բիզնեսմենների դեմ սահմանափակող միջոցառումներ ընդունելով՝ Վաշինգթոնը փորձում է «առաջ մղել սեփական կոմերցիոն շահերը»: «Սա անընդունելի է եւ ոչ լեգիտիմ»,- շեշտել է նա:

Ինչպես հայտարարում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ամերիկյան նոր պատժամիջոցների իրավիճակը «բավականին նոր երեւույթ է, որը վերլուծության կարիք ունի»:

Իրատեսական վնասի չափերը հասկանալու եւ իրավիճակի շտկման քայլեր մշակելու համար, Պեսկովի խոսքով, ժամանակ կպահանջվի: Նա հիշեցրել է, որ պատժամիջոցները մտցվել են ընդամենը մի քանի օր առաջ: «Այս պատճառով հիմա վերլուծությամբ ենք զբաղված»,- հավելել է նա: