Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգության» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը եւ շնորհավորեց Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ:

«Մենք ունենք նոր ընտրակարգ, էլի կեղծիքի վրա հիմնված, բայց դե ֆակտո նոր ընտրակարգ, երդմնակալություն, որը քիչ թե շատ հեռու էր ոչ լեգիտիմությունից: Շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին: Հույս ունենք, որ Արմեն Սարգսյանը կկարողանա թեկուզ սահմանափակ լիազորություններով, իր փափուկ խոսքով, իր դիվանագիտական, պետական փորձով նաեւ փոփոխության առաջարկ անել մեր երկրին: Ես դա մաղթեցի պարոն Սարգսյանին»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նկատելով, որ ի տարբերություն նախորդ նախագահների, սա ՀՀԿ-ի կողմից արված ընտրություն էր, ոչ թե համաժողովրդական ընտրություն:

«Բարի գալուստ ենք ասում Արմեն Սարգսյանին, սա նոր սկիզբ է, իրեն վատը պիտի չմաղթենք, այլ բարին մաղթենք, Պետք է հույս տածենք, որ ինքը կկարողանա իր առաջարկներով, իր փորձով կամաց-կամաց բերել ազատ, արդար, անկախ, ստեղծագործ նոր Հայաստանի սկիզբը, որի համար մեր ժողովուրդը պայքարեց ոչ միայն հինգ տարի առաջ, այլ վերջին 25 տարիների ընթացքում: Ես կարող եմ կարծել, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է»,-ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Դիտարկմանը, որ ընդդիմադիր ուժերը կասկածի տակ առան Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը՝ քանի որ նա այդպես էլ չներկայացրեց փաստաթուղթ, որ հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքեց. «Եթե ես լինեի, իմ բոլոր փաստաթղթերը վերից վար կստուգեին, բայց տվյալ դեպքում կա ընթացակարգ, որը անցավ իր ամեն ինչով, իր քննադատությամբ, կասկածներով, «Ելք » դաշինքը հարցեր բարձրացրեց, որոնք շատ տրամաբանական էին: Հիմա ունենք այն ինչ ունենք: Ունենք դե ֆակտո վիճակ, որը նվազ դե ֆակտո է, քան նախկինում»: