50 ռուսաստանցի ամենահարուստ գործարարների կարողությունը մեկ օրվա ընթացքում կրճատվել է առնվազն 11.7 մլրդ դոլարով: Այս մասին վկայում են Forbes ամսագրի փորձագետների տվյալները: Forbes-ի ցուցակի անդամների կապիտալը նվազում է ռուսական ֆոնդային շուկայի անկումից հետո. «ՄոսԲիրժա»-ի ցուցանիշը երկուշաբթի օրը նվազել էր ավելի քան 9 տոկոսով, իսկ RTS-ինը՝ գրեթե 11 տոկոսով, հաղորդում է «ՌԲԿ»-ն:

Rusal-ի եւ En+ Group -ի բաժնետոմսերի կտրուկ անկման ֆոնին ամենամեծ կորուսները կրել է Օլեգ Դերիպասկան, որի կարողությունը կրճատվել է մոտ 1.3 միլիարդ դոլարով: Forbes-ի փորձագետները երկուշաբթի օրը նրա կարողությունը 4 միլիարդ են գնահատել, մինչդեռ 2018 թվականի Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում Դերիպասկայի կարողությունը 6.7 միլիարդ դոլար էր կազմում: