Հաքերները կոտրել են Vevo երաժշտական վիդեոկայքի էջը YouTube-ում եւ այնտեղից ջնջել են պուերտոռիկանցի երգիչներ Լուիս Ֆոնսիի եւ Դեդի Յանկի հայտնի Despacito երգի տեսահոլովակը: Այս մասին հաղորդում է BBC հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ըստ BBC-իի՝ հաքերների խումբը նաեւ փոխել է մի շարք այլ կատարողների, այդ թվում՝ Շակիրայի, Սելենա Գոմեսի, Թեյլոր Սվիֆտի եւ կանադացի ռեփ կատարող Դրեյքի տեսահոլովակների անուններն ու նկարագրությունները: Տեսահոլովակին կից նկարագրությունում հայտնվել է «Ազատություն՝ Պաղեստինին» գրառումը: Despacito տեսահոլովակի համար նոր շապիկ է տեղադրվել, որի վրա նարնջագույն հագուստներով եւ դիմակներով զինված մարդիկ են պատկերված:
Ֆոնսիի եւ Յանկիի կատարմամբ Despacito երգը թողարկվել է 2017 թվականի հունվարին: Այս տարվա ապրիլի 5-ին այս հիթի տեսահոլովակը ռեկորդային 5 միլիարդ դիտում էր ունեցել YouTube-ում:




























