Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը իշխանությունը ներկայացնում է որպես զոհասեղանին արված մատաղ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Տպավորություն է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը իշխանությունը ներկայացնում է որպես մեծ զոհաբերություն, մեծ զիջում ժողովրդին, ընդհուպ մինչեւ զոհասեղանին արված մատաղ կամ մեծ ողորմածություն: Ոչ այդպես չէ:

Որքան ԵՄ-ին է սա անհրաժեշտ, այնքան էլ Հայաստանին է անհրաժեշտ, իմիտացիաների ժամանակն ավարտված է»,-հայտարարեց նա:

Զոհրաբյանի խոսքով, կամ վաղը սա կավարտվի համաձայնագրի վավերացմամբ եւ որեւէ շարունակություն չի ունենա, կամ պիտի իսկապես կատարվեն այն լրջագույնս փոփոխությունները, ինչը ենթադրում է համաձայնագիրը. «Իշխանությունը այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար պետք է գնա սեփական ողնաշարը ջարդելու ճանապարհով: Երբ ես արդեն նախորդ կառավարության ղեկավարին հարցնում էի՝ դուք պատրա՞ստ եք կտրել այն ճյուղը, որի վրա նստած եք, այդ հարցի պատասխանը չստացա:

Այս համաձայնագիրը կարող է կյանքի կոչվել, եթե իշխանությունը ջարդի իր ողնաշարը, իրական, ոչ թե իմիտացիոն պայքար մղի կոռուպցիայի դեմ, անցկացնի արդար ընտրություն, վերացնի ընտրակեղծարարությունը, տնտեսական մոնոպոլիաները, դատական համակարգի այլանդակ կաշառակերությունը, բոլոր ոլորտներում գնա լրջագույնս փոփոխությունների»,-ընդգծեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:

Նա նշեց, որ պետք չէ համաձայնագրի ստորագրումը ներկայացնել որպես 21-րդ դարի հերոսամարտ եւ ամենահաղթական քայլը, այլ պետք է ունենալ համեստություն ասելու, որ սա նվազագույնն է, որ անում է Հայաստանի ԱԺ-ն, որովհետեւ ամենագխավորը սկսելու է դրանից հետո: