Ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ս. թ. մարտի 29-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում ականի պայթյունից  The HALO Trust–ի զոհված աշխատակիցների ընտանիքի անդամների եւ վիրավորվածների սոցիալական  պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Մայքլ Նյուտոնը ներկայացրել է միջադեպի կապակցությամբ կազմակերպության կողմից իրականացվող քննության ընթացքը։

Մայքլ Նյուտոնը կրկին երախտագիտություն է հայտնել Արցախի կառավարությանը՝ կազմակերպությանը օպերատիվ օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ անձամբ ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանին՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հետ միասին  The HALO Trust–ի գրասենյակ այցելության եւ Արցախի իշխանությունների անունից բարոյական աջակցության համար։

Մասիս Մայիլյանը հաստատել է  Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ հետագայում եւս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հանրապետությունում The HALO Trust–ի գործունեությանը։