Սիրիայի շուրջ իրավիճակը միանգամայն լարված է եւ ամենաուշադիր մոնիթորինգի անհրաժեշտություն է պարտադրում, ՌԴ-ն հանդես է գալիս քիմիական զենքի կիրառման հնարավոր փաստի հետաքննության օգտին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սիրիայի շուրջ իրավիճակը միանգամայն լարված է: Տեղյակ եք Սիրիայում քիմիական զենքի իբրեւ թե կիրառման սյուժեի հետ կապված տարաձայնություններին: Ռուսաստանը սրան կտրականապես համաձայն չէ եւ հանդես է գալիս իսկապես անկողմնակալ ու օբյեկտիվ հետաքննության օգտին՝ մինչեւ ինչ-որ դատողություններ անելն ու որեւէ վճիռ կայացնելը»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Վաշինգթոնում քննարկվող Սիրիայի վրա հարվածներ հասցնելու տարբերակների մասին հարցին:
«Իրավիճակն իսկապես լարված է, որն այս իրավիճակի ամենաուշադիր մոնիթորինգի անհրաժեշտություն է պարտադրում: Բայց կրկին չկողմնորոշվենք լրագրերի տեղեկություններով, առավել եւս ինչ-որ երեւութական աղբյուրների վկայակոչմամբ»,- հավելել է նա:
«Կրեմլում բոլորը կողմ են, որ այս իրավիճակի իսկապես օբյեկտիվ հետաքննություն կատարվի, որպեսզի հայտնվեն վստահության արժանի ինչ-որ տվյալներ, իսկ մենք չենք հիմնվում լուրերի եւ լրատվամիջոցների ինչ-որ դատարկ տեղեկությունների վրա, սա չափազանց պատասխանատու նյութ է, որ կատարվեն ինչ-որ եւ ոչ մի բանով չհիմնավորվող եզրակացություններ»,- ասել է նա:
Ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է 48 ժամում որոշում ընդունել քիմհարձակման պատասխանի վերաբերյալ: Նա համոզված է, որ այս միջադեպի պատասխանատվությունը կրում են Սիրիայի իշխանությունները՝ նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ, ինչպես նաեւ նրան աջակցող Ռուսաստանն ու Իրանը:
Սիրիական Դումայում քիմիական հարձակման մասին ապրիլի 8-ի գիշերը հայտնել է Սիրիա-ամերիկյան բժշկական միությունը (SAMS): Բժիշկների տվյալներով՝ հարվածի հետեւանքով զոհվել է առնվազն 49 մարդ, տուժել եւս մի քանի տասնյակը: Արեւմտյան երկրները տեղի ունեցածի համար մեղադրել են Սիրիայի իշխանություններին: Պաշտոնական Դամասկոսն այս մեղադրանքները հերքել է: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսաստանցի զինվորականները Արեւելյան Գուտայում քլորի կիրառման հետքեր չեն հայտնաբերել:




























