«Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները մտադիր չեն աջակցել ծայրահեղականներին, ովքեր ակցիա են կազմակերպում՝ իրենց նպատակների համար օգտագործելով սպանված երկրպագու Եգոր Սվիրիդովի անունը: «Սպարտակի» երկրպագուները չեն մասնակցելու հունվարի 15-ի ակցիային, որը նվիրված է Սվիրիդովի սպանության 40 օրվան: Այս մասին ասված է երկրպագուների կազմակերպության հայտարարության մեջ:
Նշենք, որ այդ օրը Մոսկվայում կարգ ու կանոնը կապահովեն 4 հազար ոստիկանները:
Այդ օրվա երթը համաձայնեցված է ՌԴ մայրաքաղաքի իշխանությունների հետ: Կազմակերպիչներին, որոնց շարքում է ազատական «Յաբլոկո» կուսակցության ակտիվիստներից մեկը, թույատրվել է հավաքել մինչեւ 4,5 հազար մասնակից:
Երթի մասնակիցները կանցնեն մետրոյի «Վոդնի ստադիոն» կայարանի մոտով մինչեւ Կրոնշտադսկի պուրակ, որտեղ Սվիրիդովը ծեծկռտուքի ժամանակ սպանվել էր հյուսիսկովկասցու կողմից:
Այդ գործով կալանավորվել է 5 մարդ, եւս մեկը գտնվում է հետախուզման մեջ:
Հիշեցնենք, որ 2010-ի դեկտեմբերի 11-ին Սվիրիդովի հիշատակին նվիրված ակցիան Մանեժնայա հրապարակում վերաճել էր զանգվածային անկարգությունների, որի ընթացքում ազգայնականների կողմից ծեծի էին ենթարկվել բազմաթիվ կովկասցիներ, այդ թվում 2 հայ երիտասարդներ: Բացի այդ, բախում էր գրանցվել ոստիկանական ուժերի հետ:





























