Հայաստանի կառավարության նախաձեռնած հնգամյա ռազմավարական  ծրագրով նախատեսվում է  շենքերի կառավարման նոր մոդել ձեւավորել:

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին բազմաբնակարան շենքերի կառավարման, շահագործման եւ սպասարկման ռազմավարական ծրագրի հիմնական մոտեցումների վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Երեւանի քաղաքապետարանում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են համատիրությունների նախագահներ, ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների եւ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայցուցիչներ։

Քննարկումը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մոտեցումը, համաձայն որի պետք է պետականորեն աջակցել եւ խրախուսել համեմատաբար արդյունավետ աշխատող համատիրություններին՝ միաժամանակ  բարեփոխելով շենքների կառավարման գոյություն ունեցող համակարգը։ 

Ըստ շենքերի կառավարման նոր մոդելի, յուրաքանչյուր շենքում սեփականատերերի ժողովը կընտրի կառավարիչ, ով կունենա առեւտրային գործունեությամբ զբաղվելու իրավասություն: Վերջինը պարտավոր է հոգ տանել շենքի նորոգման եւ սպասարկման համար, իսկ այդ նպատակով օգտագործվելիք միջոցները կգոյանան ինչպես վարձավճարների հավաքագրումից, այնպես էլ բազմահարկ շենքի ընդհանուր բաժնային սեփականության արդյունավետ բիզնես կառավարումից։ Փոխքաղաքապետը հավելել է, որ Բնակֆոնդի կառավարման նոր մոդելի ներդրումը ենթադրելու է օրենսդրական փոփոխություններ եւ որ ներկայացվող ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ հիմնված մեր երկրում կատարված ուսումնասիրությունների եւ Արեւելյան Եվրոպայի երկրների փորձի վրա։

Կամո Արեյանը նաեւ ընդգծել է, որ թեեւ  բնակֆոնդի պահպանումն ու վերանորոգումը բնակարանների սեփականատերերի պարտականությունն է, այնուամենայնիվ առաջարկվող ծրագրով  նախատեսվում է նաեւ պետական աջակցություն, որոնք կլինեն նպատակային լրավճարների  տեսքով։ Ծրագրի իրականացման մեկնարկը կտրվի արդեն այս տարվանից, ընդ որում արդեն իսկ նախատեսված են 2011–2012թթ.–ին  միանվագ պետական  ֆինանսավորմամբ շենքերի ենթակառուցվածքների վերականգնման միջոցառումներ։ Պետական սուբսիդավորման մեխանիզմը կներդրվի 2014թ.–ից։ Համաձայն ծրագրի, նախատեսվում է ներդնել նաեւ բնակարանային նպաստի ծրագիրը, որը կհատկացվի սոցիալապես անապահով խավերին։

Վերջնական շտկումներից հետո,  Բնակելի ֆոնդի կառավարման ռազմավարական ծրագիրը  կներկայացվի կառավարության հաստատմանը։