Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին կոչ է արել չփորձել Իսրայելի վճռականությունը, հաղորդում է AFP-ն:
Երուսաղեմում Հոլոքոստի հուշահամալիրում զոհերի հիշատակին նվիրված արարողությանը ելույթ ունենալով, Նեթանյահուն խոսել է նացիստների ագրեսիայի մասին, որին արեւմտյան ուժերը համարժեք հակահարված չտվեցին:
«Այսօր էլ կա ծայրահեղական ռեժիմ, որը սպառնում է մեզ, սպառնում է համաշխարհային խաղաղությանը», - ասել է Նեթանյահուն: «Այդ ռեժիմը բացահայտորեն հայտարարում է, որ մտադիր է ոչնչացնել մեզ, հրեական պետությունը»: «Ես Իրանի ղեկավարներին ուղերձ եմ հղում՝ մի փորձեք Իսրայելի վճռականությունը», - ասել է նա:
Իսրայելի վարչապետը եւս մեկ անգամ քննադատել է Իրանի միջուկային համաձայնագիրը: «Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը ոչ միայն չզսպեց նրա ագրեսիան, այլեւ ավելացրեց այն», - ասել է նա:




























