Դատախազը 13 տարվա ազատազրկում է պահանջել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի խորհրդականի, ինչպես նաեւ Հուսեյն Գուրբանովի, Էլնուր Միրզալիեւի, Միրզա Աղաեւի եւ Ռաջու Մեհրալիեւի համար: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել են ծանր հանցագործությունների դատարանից:
Պետական մեղադրողը Հուսեյն Գուրբանովի համար դատարանից պահանջել է 13,5 տարվա ազատազրկում, Էլնուր Միրզալիեւի, Գաբիլյա Մամեդռզաեւի, Միրզա Աղաեւի համար՝ 13-ական, իսկ Ռաջու Մեհրալիեւի համար՝ 12 տարվա ազատազրկում:
Դատական գործընթացը կշարունակվի հունվարի 21-ին՝ փաստաբանների ներկայությամբ:
Իշխանությունների վարկածով, մեղադրյալները 2009-ի նոյեմբերի 23-ին բռնությամբ մուտք են գործել Բաքվի Ջավադխանի 36 շենքի 52-րդ բնակարան, ատրճանակով սպառնացել տանը գտնվող դեռահասներ Ամիր Քերիմլիին եւ նրա դասարանցի Գադիր Ազադլիին: Նրանք կապել են դեռահասների ձեռքերը, տանից հափշտակել 200 հազար դոլար ու ոսկյա զարդեր:





























