ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի մեջ մեղադրվող Մանվել Հազրոյանը Հայաստանից տեղափոխվել է ԼՂՀ-ի ոստիկանության քննչական մեկուսարան (Շուշիի բանտ): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հազրոյանի փաստաբան Էդմոնդ Մարուքյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալը ԼՂՀ  է տեղափոխվել  տարեվերջին.  նա այս ընթացքում գտնվում էր Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալում: 

Փաստաբանի խոսքով ՝ Հազրոյանի առողջական վիճակը բավարար է եւ այս ամսվա ընթացքում նախատեսվում են նոր քննչական փորձարարություններ:

Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ է 4 զինվորի սպանության մեջ մեղադրվող Հազրոյանը տեղափոխվել ԼՂՀ, Մարուքյանը պատասխանեց. «Նրա պահման հետ կապված դատարանի որոշում կա. երբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը, դրա կատարումը հանձնարարել է ԼՂՀ ռազմական ոստիկանությանը»,-հայտարարեց փաստաբանը: Հազրոյանի փաստաբանները բողոքարկել են այս որոշումը, պահանջելով իրենց պաշտպանյալին տեղափոխել Հայաստան, հիմնավորելով, որ Հազրոյանի անվտանգությունը ԼՂՀ-ում երաշխավորված չէ: Նկատենք, որ ժամանակ առաջ, երբ Հազրոյանը Ստեփանակերտում էր,  միջադեպի հետեւանքով սպանված զինծառայողների հարազատները փորձել էին հաշվեհարդար տեսնել Հազրոյանի նկատմամբ:  

Նշենք, որ  հունվարի 13-ին դատարանը  երկարաձգել է Հազրոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը՝ եւս երկու ամիս ժամանակով:  Փաստաբանի խոսքով, նախաքննությունը շարունակվում է եւ իր կանխատեսմամբ այն  եւս 4-5 ամիս կարող է ձգվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2010 թվականի նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է զինծառայող Մանվել Հազրոյանը: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):

Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):

Վերջինիս նոյեմբերի 23-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ), եւ 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ ՊՆ-ի՝ նա ընդունել է իրեն հասցեագրված մեղադրանքները: Նշենք, որ Մանվել Հազրոյանն ազգությամբ հայ է, «Եզդի» մականունով:

Հ. Մ.