Թունիսի նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին այսօր՝ հունվարի 14-ին փախել է երկրից: Թունիսում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, բանակը իշխանությունն իր ձեռքն է վերցրել:
Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրան», Թունիսի ողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվել, տեղեկություններ են ստացվում, որ պարետային ժամ է հայտարարվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան Թունիսի կառավարությունը ցրվել էր: Երկրից փախած նախագահը խոստացել էր 6 ամսից անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Նման քայլի երկրի ղեկավարը գնացել է Թունիսի մայրաքաղաքում նոր զանգվածային բողոքի ակցիաներից հետո:
Հունվարի 14-ի առավոտյան քաղաքի կենտրոնում սկսված հանրահավաքները օրվա երկրորդ կեսին վերաճել են ոստիկանության հետ սուր բախումների: Երբ ցուցարարների մի խումբ փորձել է գրոհով վերցնել ՆԳ նախարարության շենքը, ոստիկանները գործի են դրել ռետինե մահակներն ու արցունքաբեր գազ:
ՆԳՆ շենքի դիմաց իսկական մարտ է սկսվել: Մի քանի մարդ կալանավորվել է: Ցուցարարները պահանջել էին նախագահի եւ կառավարության հրաժարականը եւ հասել իրենց ուզածին:




























