Հայաստանյան տնտեսության մեջ առկա բացասական երեւույթներից որեւէ մեկն անցած տարվա ընթացքում այդպես էլ չկարգավորվեց. դրանից հետեւություն, որ 2011-ը մեզ համար բարդ տարի է լինելու։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ կանխատեսելով, թե ինչպիսին կարող է լինել 2011-ի տնտեսական տարին։
«Ընդհանուր առմամբ, անցած տարվանից ստացած ժառանգությունն անբարենպաստ էր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, հետեւապես կանխատեսելի է, որ 2011-ը տնտեսական առումով ծանր տարի է լինելու»,- նկատեց Ասատրյանը։
Նրա խոսքով, հայաստանյան տնտեսություն ասվածը մի խումբ մարդկանց միջեւ բաժանված հնարավորությունների ոլորտ է, որտեղ նրանք անում են այն, ինչ ուզում են։ «Խոսքը հայտնի օլիգարխների, մենաշնորհների մասին է, որոնցով էլ պայմանավորված են մեր տնտեսության մեջ առկա բացասական երեւույթները։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մի խումբ մարդիկ բռնազավթել են ոչ միայն քաղաքական իշխանությունը, այլ նաեւ ամբողջ տնտեսությունը, մեր բոլորի ապագան։ Եթե այդ համակարգը կազմալուծվի, հաջողություններ, այո, հնարավոր են։ Բայց եթե այս միտումները շարունակվեն եւ կտրուկ փոփոխություններ չիրականացվեն, 2011-ին մենք ավելի վատ ենք ապրելու, քան 2010-ին, ոչ մի լավ բան տեղի չի ունենալու»,- նկատեց Ասատրյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ այս տարվա համար շարունակելու է մեծ սպառնալիք մնալ գնաճը։
Անդրադառնալով արտաքին պարտքի սպասարկման թեմային՝ նա նկատեց, որ «իհարկե, մեր նման երկրները ոտքի կանգնելու համար արտաքին փոխառություններ պետք է ունենան, սակայն այդ փոխառությունները պետք է այնպես օգտագործվեն, որ տնտեսությունը ոտքի կանգնի»:





























