Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե մեծ թվով ապացույցներ կան, որ Արեւելյան Գուտայում ենթադրյալ քիմիական հարձակման հետեւում Դամասկոսն է կանգնած: Այս մասին հիգշաբթի նա ասել է Բեռլինում կայացած Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեծ թվով ապացույցներ կան, որ սիրիական ռեժիմը նման զենք է կիրառել»,- ասել է նա: Մերկելը նշել է, որ Բեռլինը դրույք է կատարում Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների կողմից Դումայի միջադեպի հետաքննության վրա:
Այս կապակցությամբ նա վերստին ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը պատրաստ չէր աշխատելու համատեղ մեխանիզմների շուրջ, որոնք հնարավորություն կտային պարզել քիմիական նյութերի ծագումը, որոնք ենթադրաբար կիրառվել են Սիրիայում:
«Միջազգային իրավիճակը շատ բարդ է»,- խոստովանել է Մերկելը:
Նշենք, որ Բեռլինում Դանիայի վարչապետի հետ հանդիպումից հետո Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի միանա Սիրիայի կառավարությանն ուղղված ռազմական հարվածներին:
«Գերմանիան չի մասնակցի հնարավոր ռազմական գործողություններին, ցանկանում եմ ընդգծել, որ դեռեւս ոչ մի որոշում չի եղել»,- հայտարարել է Մերկելը:
Ըստ որում՝ նա շեշտել է, որ աջակցում է Արեւմուտքի ջանքերին՝ ուղղված ցույց տալուն, որ քիմիական զենքի օգտագործումն անընդունելի է:
«Մենք աջակցում ենք այն ամենին, ինչ կատարվում է ցույց տալու համար, որ քիմիական զենքի օգտագործումն անընդունելի է»,- ասել է Մերկելը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնել էին այն կարծիքին, որ երկրները պետք է համատեղ արձագանքեն Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին:



























