ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանձնարարել է ձեռնարկել միջոցներ էներգետիկ ծախսերի կրճատման, էներգախնայողության ռեժիմների ներդրման ուղղությամբ:

«2017 թվականի փետրվարի 2-ին ընդունվել է կառավարության էներգախնայողության գործուղությունների ծրագրի երկրորդ փուլը։ Կարեւորելով Էներգետիկ անկախության ամրապնդման քաղաքականությունը եւ պետական հաստատուն ծախսերի արդյունավետ օգտագործման, կրճատման խնդիրները՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին եւ ղեկավարներին, մարզպետներին՝ խիստ պահպանել նշված ծրագրով սահմանված գործողությունների կատարումը եւ ձեռնարկել միջոցներ էներգետիկ ծախսերի կրճատման, էներգախնայողության ռեժիմների ներդրման ուղղությամբ», - ասել է Կարեն Կարապետյանը:

Հանձնարարվել է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավարին սահմանել վերահսկողություն առաջին կետով նախատեսված գործողությունների վերաբերյալ եւ պարբերաբար զեկուցել ընթացքի մասին։