2010 թվականից հետո ծնված երեխաները բոլորովին այլ թվային մտածողություն ունեն, քան մեծահասակները: Ucom ընկերությունը, հասկանալով դա, այդ երեխաների համար երկարաժամկետ ներդրումներ է կատարում: Այս մասին «Այբ» դպրոցում Ucom Digital Lab թվային լաբորատորիայի բացման ժամանակ հայտարարեց Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը (ֆոտոռեպորտաժ):

Նա վստահություն հայտնեց, որ թվային լաբորատորիան թույլ կտա երեխաներին բացահայտել իրենց տաղանդներն ու ներուժը: Հայկ Եսայանի խոսքով՝ աշխարհում այսօր շատ հետաքրքիր միտում կա. երեխաներն արդեն դպրոցում յուրացնում են թվային տեխնոլոգիաները, իսկ դպրոցից անմիջապես հետո` գնում են այս ոլորտում աշխատելու: «Հետագայում մենք այդ երեխաներին մեր տեղերը կփոխանցենք, եւ նրանք կբացեն արհեստական ինտելեկտի այլ լաբորատորիաներ եւ կստեղծեն այնպիսի մի բան, որը մենք այսօր չենք էլ պատկերացնում», - ասաց նա:

Հայկ Եսայանը պատրաստակամություն հայտնեց «Այբ» դպրոցի աշակերտներին ընդունել Ucom-ում եւ ցույց տալ նրանց, թե ինչ է կատարվում ընկերության ներսում՝ նրանց մեջ ինժեներիայի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար:

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանն, իր հերթին, նշեց, որ բոլոր առաջադեմ ընկերությունները պետք է մտածեն ոչ միայն իրենց ընթացիկ գործունեության, այլ նաեւ ապագայում ներդրումների մասին:

Նա ընդգծեց, որ Ucom-ը սոցիալական պատասխանատվությամբ ընկերության վառ օրինակ է, որն արդեն երկար տարիներ աջակցում է Հայաստանի կրթական ծրագրերին:

«Ucom Digital Lab-ը արդեն դպրոցում հնարավորություն կտա զարգացնել ոգեշնչված եւ նպատակասլաց երեխաներին, որոնք իրենց ապագան կապում են տեխնոլոգիաների հետ եւ չսպասել, որ նրանք ավարտեն համալսարանը, գնան ինչ-որ տեղ աշխատելու, եւ հետո միայն բացահայտեն իրենց տաղանդները: Այստեղ եւ այսօր», - ասաց նա:

Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը եւ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Ինֆորմատիկայի ուսուցիչ Վազգեն Հակոբջանյանը հյուրերին ներկայացրեց «Այբ»-ի աշակերտների ստեղծած ծրագիրը, որը լուսանկարը վերածում է նկարի: Ընդ որում, նրանց ծրագիրը չի օգտագործում հայտնի նկարիչների ոճերը, այլ կրկնօրինակում է դպրոցում նկարչությամբ զբաղվող աշակերտների նկարների ոճը:

«Նախորդ բոլոր ծրագրերը ստեղծված են այն նկարիչների համար, որոնք արդեն չկան: Դրանք օգտագործում են Պիկասոյի, Կանդինսկու ոճերը: Այդ ծրագրի շնորհիվ Կանդինսկին իմ կողքին է, նա տեսնում է, որ համակարգիչը իր ոճով է նկարում: Նա հասկանում է, թե ինչ է արհեստական ինտելեկտը եւ հասկանում է, որ այն կարող է իրեն օգնել, եւ դա օգնում է մարդկանց հաղթահարել արհեստական ինտելեկտի հանդեպ վախը», - ասաց նա:

4-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Աշոտյանը NEWS.am-ին պատմեց, որ ինքը եւ իր ընկեր Արման Աբրոյանը նոր թվային լաբորատորիայում ֆուտբոլի համակարգչային խաղ են ստեղծում: Ծրագրում կատուն ֆուտբոլ է խաղում եւ տղաները նրան «սովորեցնում են» արագ վազել գնդակի հետեւից եւ գոլ խփել:

«Մեր ծրագիրն արդեն 90 տոկոսով պատրաստ է», - ասաց նա:

Ucom Digital Lab լաբորատորիան, որը ստեղծվել է Ucom ընկերության ֆինանսավորման շնորհիվ, նախատեսված է երրորդից մինչեւ տասներորդ դասարանցիների համար:

Այստեղ աշակերտները կարող են արհեստական ինտելեկտի ոլորտի հմտություններ ձեռք բերել, ծրագրավորում սովորել, ինչպես նաեւ համակարգչային տեխնոլոգիաների հնարավորություններն արվեստի հետ համակցել:

Համատեղ նախագծի նպատակն է ապահովել եւ խթանել նեղ մասնագիտական զարգացումը, այլընտրանքային կրթությունը, նոր գաղափարները, ոգեշնչման եւ հաղորդակցության հետաքրքիր եւ պահանջված ձեւաչափերը: Ծրագիրը կրթական է եւ շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում:

Ucom-ի եւ «Այբ»-ի ղեկավարները պայմանավորվեցին, որ նրանց համագործակցությունը շարունակական բնույթ կկրի եւ համագործակցության բնագավառները կընդլայնվեն: