Այսօր` հունվարի 14-ին, առավոտյան ժամը 8.50-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի եւ Չարենցի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 64-ամյա Ալեքսանդր Սոսի Ներսիսյանը վարելով «Միթսուբիշի» մակնիշի 22 ՏՕ 692 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 14-ամյա Արփինե Հարությունի Գեւորգյանին: Վերջինս սովորում է Երեւանի 4-րդ միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի 3-րդ կլինիկական հիվանդանոց:

Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել:

Դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի