Մաշտոցի պողոտան փակող անձանց բերման չեն ենթարկել։ Այդ մասին հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«ՀՀ ոստիկանությունն անձանց հավաքի անցկացման վայրից հեռացնելու գործողությունն իրականացրել է կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3–րդ կետով նախատեսված իր պարտականությունը, որի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն»,- նշել է նա:

«Մոտ 10 քաղաքացիներ 30 րոպեից ավելի հավաք են անցկացրել Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքի երթեւեկելի գոտում՝ փակելով հետիոտնային անցումը: Հավաքի մասնակիցների գործողություններով էապես խորչընդոտվել են երթեւեկության մասնակիցների իրավունքները, մասնավորապես՝ սահմա-նափակած է եղել տրանսպորտային միջոցների շարժը:

ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից պահանջել է դադարեցնել այլ անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակումները եւ կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հավաքի մասնակցի պարտականությունները:

Հավաքի մասնակիցները հրաժարվել են կատարել ոստիկանության օրինական պահանջները, ուստի, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, կայացվել է հավաքը դադարեցնելու մասին որոշում: Դրանից հետո հավաքի մասնակիցները հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա, ոստիկանության մարմին չեն բերվել:

ՀՀ ոստիկանությունն անձանց հավաքի անցկացման վայրից հեռացնելու գործողությունն իրականացրել է կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3–րդ կետով նախատեսված իր պարտականությունը, որի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն»:

Նշենք, որ այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները անսպասելիորեն փակել էին Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակի հատվածում։

Ցուցարարները նաեւ վրան էին դրել փողոցի մեջտեղում։ Ոստիկանները հանել եւ տարել էին վրանը, սակայն մոտ մեկ տասնյակ երիտասարդներ նստել էին գետնին, անգամ պառկել եւ փակել են պողոտայի երթեւեկությունը։ Անցնող մեքենաների մի մասը ազդանշաններով ողջունում էր ցուցարարներին, մյուս մասն էլ դժգոհում, որ փակել են փողոցը։ Ոստիկաններն ուժով բացել էին փողոցը։

Ցուցարարների մեկ այլ խումբ էլ ավտոերթ էր սկսել Բրազիլիայի հրապարակից եւ շարժվելու են դեպի Ազատության հրապարակ։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։