Ապրիլի 12-ին, ժամը 5-անց 55-ին, 1-02 զանգահարած Օմանի քաղաքացին հայտնեց, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել եւ թալանել է՝ գողացել փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։

«Երբ ես ազատվեցի այն մարդուց, ով ինձ առեւանգել էր, դուրս եկա փողոց ու կանգնեցրի պատահական մի մեքենա: Մեքենայում երեք հոգի էին, որոնք ինձ օգնեցին զանգահարել ոստիկանություն: Նրանք իմ հետ եղան այնքան ժամանակ, մինչեւ համոզվեցին, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է: Շնորհակալ եմ նրանց»,-ոստիկանությունում ասել է տուժած քաղաքացին:

Նա պատմել է, որ Երեւանի փաբերից մեկում մի անծանոթ է մոտեցել իրեն, դանակով վնասելու սպառնալիքով նստեցրել տաքսի ավտոմեքենան: մեքենայում անծանոթը հափշտակել է իր դրամապանակը, այնուհետեւ տարել ինչ-որ մի տուն, որտեղ ծեծել, հափշտակել է նաեւ բջջային հեռախոսը: Դրանից հետո օմանցին փախել է այդ տնից:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը:

Տեղի ունեցածից ժամեր անց ավազակային հարձակման եւ մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել Գվինեայի քաղաքացի, 30-ամյա Բահ Ալֆա Ամիր Անայուինը: Նաբոլորովին այլ պատմություն է ներկայացրել:

Գվինեացին ասել է, որ Երեւանի ակումբներից մեկում զվարճանալուց հետո օմանցու համաձայնությամբ եմ գնացել իր տուն, որտեղ էլ ծագել է վիճաբանությունը:

«Ասում եմ խելոք մնա, նստի, հետո խփել եմ իրան: Ասել եմ՝ անձնագիրդ կա՞: Ցույց է տվել, նայել եմ, հետո տեսել եմ, որ շատ խմած է: Դուրս ենք եկել: Հեռախոսը իմ տունն է թողել, անձնագիրն էլ իմ գրպանում: Գնացել ենք ոստիկանություն, հետո դուրս ենք եկել, ինքը փախել է: Ես գնացել հանգիստ քնել եմ, որովհետեւ ինքն իմ տան տեղը գիտի, գիտեմ, որ անպայման կգա իր անձնագրի հետեւից, չի կարող առանց անձնագրի գնալ դուրս»,-հայերենով պատմել է գվինեացին:

Կասկածյալը ձերբակալված է, գողոնն՝ առգրավված։