Ես տուն չեմ գնալու այնքան ժամանակ, մինչեւ չլինի որեւէ հանգուցալուծում։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում։

«Ես լինելու եմ ձեր կողքին, խնդրում եմ՝ դուք էլ եղեք մեր կողքին»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի, ոստիկանությունը հարձակվում է, եթե գիշերը մնում են 100-200 մարդ։ «Եթե լինի հարձակում, մենք մնում ենք եւ պասիվ դիմադրություն ենք ցուցյ տալիս։ Եթե գալիս են մեզ ցրելու, ուղղակի չենք ցրվում։ Ուս-ուսի տված կանգնում ենք, եւ նրանք մեր աչքերի մեջ պիտի տեսնեն Սերժ Սարգսյանի պարտությունը»,- ասել է նա։

Փաշինյանը հայտարարել է, թե պիտի մնան, որ Ազատության հրապարակում 200, 300 հազար մարդ հավաքվի։  Նա նշել է, որ իրենց գործողությունները լինելու են շուրջօրյա, իսկ վաղը գնալու են Մելիք-Ադամյան՝ խափանելու ՀՀԿ խորհրդի նիստը։ «Ժա՞մը»,- հարցրին բազմության միջից։ «Ճիշտն ասած, ժամը չգիտեմ, հիմա զանգեմ Աշոտյանից ճշտեմ»,- կատակեց Փաշինյանը։

Հանրահավաքից հետո Փաշինյանը հայտնեց, որ երթ են անելու։