«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ Հանրային ռադիոյում ուղիղ եթեր չեն տրամադրում, որոշեց այնտեղ գտնվող լրատվամիջոցների ուղիղ եթերում ուղերձով դիմել ժողովրդին (ֆոտոռեպորտաժ):
Նա, մասնավորապես, ասաց. «Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ:
Ես ձեզ դիմում եմ Հայաստանի Հանրային ռադիոյի եթերային ստուդիայից, ուր «Իմ քայլը» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության ներկայացուցիչները մուտք են գործել՝ բողոքելով այն բանի դեմ, որ Հայաստանի հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարման ներքո գտնվող Հանրային հեռուստատեսությունը եւ ընդհանրապես հեռուստատեսությունները ՀՀ քաղաքացիներին պահում են ինֆորմացիոն բլոկադայի ներքո, ինչպես հարիր է տոտալիտար երկրների հեռուստաընկերություններին: Հանրային հեռուստաընկերությունը, մյուս հեռուստատեսությունները դարձել են Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի իշխանության հավերժացումը եւ Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեվարումը:
Ստահոդ քարոզչության ֆոնին Սերժ Սարգսյանը, ի հեճուկս Հայաստանի ժողովրդի առջեւ ստանձնած պարտավորության, պատրաստվում է վերստին զավթել Հայաստանի ժողովրդին պատկանող իշխանությունը, եւ մենք՝ «Իմ քայլը» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները, ձեզ կոչ ենք անում այսօր ժամը 18.30-ին հավաքվել Հայաստանի Ֆրանսիայի հրապարակում՝ տեր կանգնելու ձեզ պատկանող իշխանությանը, ձեզ պատկանող իրավունքին, ձեզ պատկանող հաղթանակին:
Սիրելի քաղաքացի, արա՛ քո քայլը, եւ Սերժ Սարգսյանը կանի իր հետքայլը: Արա՛ քո քայլը, եւ ՀՀԿ-ն կանի իր հետքայլը, արա՛ քո քայլը, եւ հուսահատությունը կանի իր հետքայլը: Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»:
Ուղերձն ընթերցելուց հետո Փաշինյանն ու նրա կողմնակիցները լքեցին Հանրային ռադիոյի շենքը: Փաշինյանը խոստացավ, որ կոտրված դռան ծախսը կփոխհատուցեն:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ մուտք էր գործել Հանրային ռադիոյի շենք եւ ուղիղ եթեր էր պահանջում, սակայն հրաժարվեցին նրան եթեր տրամադրել, այնուհետեւ անջատեցին շենքի լույսերը:











