Շամիրամում 4 եզդիների սպանության գործով դատական նիստերը փաստաբան Կրոմվել Գրիգորյանը միտումնավոր է ձգձգում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջադեպի հետեւանքով սպանված Օզմանյանների հարազատ Միշա Օզմանյանը:

«Պետության կամ դատավորի կողմից որեւէ անօրեն բան չի արվում, ադվակատն էլ ուղղակի ցանկանում է ձգձգել, ոչ թե գործ անել, այլ ձգձգել: Իր նպատակը միայն դա է, խելոք եզդի է կպցրել, փող է աշխատում»,- ասաց  նա:

Միշա Օզմանյանը հավելեց, որ իրենք օրենքով նախատեսված պատիժ են պահանջում 4 հոգու սպանած Թելման Քալաշյանի համար:

Նշենք, որ տեւական ժամանակ այս գործով դատական նիստերը հետաձգվում են ամբաստանյալ Թելման Քալաշյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանի տարբեր պատճառաբանություններով չներկայանալու պատճառով: Նախորդ դատական նիստին էլ դատավոր Սուրեն Մնոյանը հանրային պաշտպան ներգավվեց գործին:

Սպանվածների քիչ թվով հարազատներ են ներկայանում դատական նիստին, քանի որ, ինչպես նշեց Միշա Օզմանյանը, նրանց մեծ մասը Ռուսաստանից էին եկել, եւ այժմ վերադարձել են հետ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն: Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին: Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: