«2010-ը Հանրային հեռուստառադիոընկերության համար հաջող տարի էր. նախ, մենք ազատվեցինք տնտեսական ճգնաժամի թողած հետեւանքներից, ապահովեցինք մեծ հեռուստալսարան, ինչպես ն աեւ գեղարվեստական եւ փաստավավերագրական ֆիլմեր նկարահանեցինք»։ Հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։
Նրա խոսքով, ֆիլմերի նկարահանման աշխատանքները կշարունակվեն նաեւ այս տարի։
«Մենք շարունակելու ենք հայ դասականների գործերի էկրանավորումը։ Մասնավորապես, արդեն աշնանը կինոդիտողին կներկայացվի Պերճ Պռոշյանի «Հացի խնդիրը» գործի հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմը։ Այլ նախագծեր եւս կան, սակայն համապատասխան ֆինանսավորման բացակայության պարագայում դրանց մասին առայժմ չարժե խոսել»,- ասաց Հարությունյանը։
Հարցին, թե նոր տարում Հանրայինը պատրաստվում է արդյոք հեռուստադիտողին ներկայացնել 3D ձեւաչափով ֆիլմեր, նա պատասխանեց. «Մենք այդ հարցում սպասում ենք ռուսական առաջին ալիքին։ Երբ ռուսական առաջին կամ եվրոպական մեկ այլ լուրջ ալիք առաջին անգամ նման ֆիլմեր ցուցադրի, դրանից հետո մենք էլ կցուցադրենք։ Հայաստանյան հեռուստաընկերություններից մեկի այդ նախաձեռնությունը հետաքրքիր փորձ է։ Լավ է, որ մասնավորներ ալիքները նման բան են անում»,- կարծիք հայտնեց Հարությունյանը։
Նա նաեւ անդրադարձ կատարեց «Հայլուր» լրատվականին՝ նշելով, որ արդեն այս տարվա մարտից այն հեռուստադիտողին կներկայանա տաղավարի նոր արտաքին տեսքով եւ ծրագրային փոփոխություններով։ Որեւէ մանրամաս նա, ակայն, չբացահայտեց. «Կտեսնեք, ինքներդ էլ կգնահատեք»:




























