Եթե Ազգային ժողովի նիստը լինի արտագնա, մենք Երեւանը կվերցնենք մեր հսկողության տակ: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Երեւանն իսկապես կդառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մայրաքաղաքը, ամեն ինչ կփակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենց գլխավոր նպատակը վաղվա նիստն է եւ քաղաքացիների ներկայությունը հրապարակում ապահովելը:

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն: Այսօր վաղ առավոտից արդեն ցուցարարները փակել են Երեւանի մի շարք գլխավոր փողոցներ եւ պողոտաներ

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: