«Իմ քայլը» նախաձեռնության անդամներն այսօր՝ ապրիլի 16-ին, վաղ առավոտյան փակել են Երեւանի մի շարք կենտրոնական փողոցներ եւ պողոտաներ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները փակել են Աբովյան, Մոսկովյան, Սարյան փողոցները, Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաները: Աբովյան փողոցում ցուցարարներին է միացել նաեւ դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն»:

Մայրաքաղաքում երթեւեկությունը կաթվածահար է եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: