Այօր՝ հունվարի 15-ին Հայաստանի ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները՝ Մասիսի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Սամվել Մկրտչյանի գլխավորությամբ, Արարատի մարզի ձերբակալվածների պահման վայր են տեղափոխել հոր սպանության մեջ կասկածվող երիտասարդին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության եւ քննչական բաժանմունքի աշխատակիցները փորձարարություն եւ տեղազննություն էին կատարում Այնթափ գյուղի 5-րդ փողոցի 68 տանը:

Հունվարի 13-ին, ժամը 16:50-ի սահմաններում Մասիսի քաղաքային հիվանդանոցից ահազանգել էին ոստիկանությանը, որ նշված տան ննջարանում բռնության հետքերով տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Գուրգեն Բեգլարյանի գլխավորությամբ, հայտնաբերել էր 58-ամյա Սուրեն Սմբատի Խեչոյանի դիակը:

Նույն օրը Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Մասիսի ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվում է, որ նշված տանը կենցաղային հողի վրա տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում 33-ամյա Ստեփան Խեչոյանը ծեծի է ենթարկել հորը եւ անօգնական թողել տանը: Ստացած վնասվածքներից Սուրեն Խեչոյանը մինչ շտապօգնության ժամանումը մահացել է:

Հարեւանները հայտնում էին, որ հոր եւ որդու միջեւ հաճախ են տեղի ունեցել վիճաբանություններ եւ այդ օրն էլ հերթական վեճն է եղել:

Քննչական մարմինը պատրաստվում է դիմել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հայրասպան որդու նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու միջնորդությամբ:

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի