Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բաղրամյան պողոտայով բարձանում են դեպի Ազգային ժողով (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ Բաղրամյան պողոտան ոստիկանությունըփակել է:

Իր ելույթում Փաշինյանն ասաց.

«Ազգային ժողովի 4 պատգամավորներս ձեր ուղեկցությամբ հիմա գնալու ենք մեր աշխատանքի վայրը: Այնտեղ կանգնածները մեր եղբայրներն են: Սա քաղաքական պայքար է, մեր ձեռքում չկա ոչ փայտ, ոչ քար, չկա ագրեսիվություն: Մեր ձեռքերում կա միայն սեր, հարգանք, հույս:

Ոչ մի ոստիկանի նկատմամբ բռնություն չենք գործադրել եւ չենք գործադրի:

Եթե որեւէ մեկը քար նետի ոստիկանների վրա, տեղում չեզոքացրեք, նա սադրիչ է: Մենք բռնություն չենք գործադրելու, ուղղակի անցնելու ենք:

Այստեղ կա ԱԺ 4 պարտամավոր, առաջին շարքում քայլում են այդ պատգամավորները, որոնք գնում են աշխատանքի իրենց գործատուների հետ: Դուք մեր գործատուն ենք»:

Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: