«Սպարտակ» ակումբի սպանված երկրպագուի հիշատակին նվիրված ակցիան խաղաղ է անցել: «Կոմսոմոլսկայա պրավդայի» հաղորդմամբ, ակցիայի մասնակիցները ցրվում են: Կրոնշտատդի պողոտան բաց է տրանսպորտի երթեւեկության համար:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդմամբ, ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցնeրը վերահսկողության տակ են վերցրել տղամարդու, ով միայնակ պիկետ է անցկացրել: Ձեռքերում նա բռնել է ցուցանակ` պահանջով բարձրացնել ոստիկանների եւ ուսուցիչների աշխատավարձը: Տղամարդն ամեն կերպ փորձել է լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել իր վրա: Ակցիայի մասնակիցների թվում եղել են ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ արմատական խմբավորումներն առաջարկում էին հունվարի 15-ին չարտոնված ակցիա անցկացնել՝ «Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսով, Մոսկվայի Կրոնշտատդ պողոտայում արտոնված հանրահավաքի հետ միաժամանակ:

Արմատական տրամադրված երիտասարդության խմբերը կոչ էին անում ինտերնետում չարտոնված ակցիան անցկացնել Մանեժնայա հրապարակում:

Մոսկվայի ոստիկանության ներկայացուցիչ Վիկտոր Բիրյուկովը հայտնել էր, որ «օրենքը խախտողների դեմ կոշտ եւ վճռական միջոցներ էին ձեռնարկվելու»:

Նշենք, որ հունվարի 15-ին ՌԴ Քննչական կոմիտեն նշել էր Մոսկվայի հյուսիսում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչների անունները եւ հայտնել, որ անկարգությունները «միտումնավոր սադրված» են եղել, գրում է «ՌԻԱ Նովոստին»: