Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը մերժեց Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչի միջնորդությունը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչը միջնորդել էր դատարանին, որ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվեր Նորագյուղի բնակիչ, «Արցախբանկ» ՓԲԸ-ի 1-ին կարգի մասնագետ Կարեն Գեւորգի Խաչատրյանի նկատմամբ: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ): Դատարանը որոշել է 500 հազար դրամի չափով գրավ կիրառել:
Դատարանի բակում հավաքված քաղաքացիները իրենց դժգոհությունն էին հայտնում, որ անսթափ վիճակում վրաերթի պատճառ դարձած, 1 մարդու մահվան եւ 8 անձի վիրավորման մեղավորը դատավորի «մեկ կամայական որոշմամբ գրավով ազատ է արձակվում»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կարեն Խաչատրյանը այս տարվա հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում, վարելով BMW X5 մակնիշի 23 ՍՕ 981 համարանիշի ավտոմեքենան, դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի մաս, վրաերթի ենթարկել մի տղամարդու, ապա հարվածել է Daewoo մակնիշի Տ 4897 համարանիշի տաքսի մեքենային: Տաքսին էլ իր հերթին բախվել էր Wolksvagen Passat մակնիշի 23 ԼՏ 684 համարանիշի ավտոմեքենային:
Արդյունքում վրաերթի ենթարկվածը, տաքսու վարորդն ու ուղեւորները (թվով 9 մարդ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վրաերթի ենթարկված 37-ամյա արվեստագետ Դավիթ Կարապետյանը (Կարեյան) «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ պարեկապահակային ծառայության աշխատակիցները հազիվ էին կարողացել բորբոքված բազմության ձեռքից ազատել BMW X5-ի երիտասարդ վարորդին: Նրան տեղափոխել էին բուժկենտրոն` պարզելու սթափության աստիճանը: Պարզվել էր, որ նա մեքենան վարել է անթափ վիճակում:
Ֆոտոլրագրողը հայտնեց նաեւ, որ Կարեն Խաչատրյանը հայտնի քրեական հեղինակություն Նորագյուղցի Ավետի մերձավոր ազգականն է:











Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





























