Իսրայելցի գիտնականները «Դիմոնա» հետազոտական համալիրում թեստավորել են Stuxnet համակարգչային որդը: Փորձագետների կարծիքով, այդ վիրուսը պետք է խոչընդոտեր Իրանի միջուկային օբյեկտների բնականոն աշխատանքը:

Իսրայելցի մասնագետները վիրուսի թեստավորման համար օգտագործել են նույն միջուկային ցենտրիֆուգները, ինչ Նաթանզում են: Փորձագետների եւ ռազմական մասնագետների խոսքով, թեստի ընթացքում Stuxnet վիրուսի ազդեցությունն այդ ցենտրիֆուգների վրա եղել է արդյունավետ, գրում է Rosbalt-ը:

«Որդի ստուգման համար անհրաժեշտ է իմանալ սարքավորումները, որոնք լինելու են թիրախում: Իսրայելցիները փորձարկել են այն: Այդ պատճառով որդը համարվում է արդյունավետ»,- New York Times-ին պատմել է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում հետախուզության ամերիկացի մասնագետը, որը ծանոթ է «Դիմոնի» մշակումներին:

Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբերին Stuxnet համակարգչային վիրուսով վարակվել էին Իրանի Բուշերի ատոմակայանի համակարգիչները, սակայն ԱԷԿ-ի աշխատանքի վրա դա չէր ազդել: Ավելի ուշ Իրանի նախագահը հայտարարեց, որ Իրանի թշնամիները ինչ-որ համակարգչային ծրագրի միջոցով կարողացել են ուրանի հարստացման Նաթանզի ցենտրիֆուգների համալիրի գործունեության համար սահմանափակ խնդիրներ ստեղծել: