Ադրբեջանական լրատվամիջոցների «վարունգային հայրենասիրությանը» փոխարինելու է գալիս «մակարոնայինը»:

Հարեւան երկրի լրագրողները կրկին վայնասուն են բարձրացրել, հայտնաբերելով, որ ադրբեջանական «արդարացի» քարոզչության ճանապարհին «հայկական հետք» է հայտնվել: Այս անգամ թիրախը դարձել է Բաքվի խանութներից մեկից հայտնաբերված մակարոնի տուփը, որի վրա մակնշումը կատարված է եղել հայերենով:

«Լուսանկարն ուղարկած մեր ընթերցողուհին հայտնել է, որ մակարոնը գտել է խանութներից մեկում: Հայտնի է, որ ըստ օրենքի, օտարերկրյա արտադրության ապրանքը պետք է ուղեկցվի ադրբեջաներեն մակնշմամբ: Ինչպիսին էր մեր ընթերցողի զարմանքը, երբ փաթեթի վրա ադրբեջաներենի փոխարեն տեսավ հայերենով տեքստ»,- վրդովված գրում է ադրբեջանական Day.az գործակալությունը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական հիստերիայի վրա վաղուց ծիծաղում են ոչ միայն հայերը: Ռուսական լրատվամիջոցները մի լավ ծաղրել էին ադրբեջանցի գործընկերներին, երբ Day.az-ը մի ամբողջ հոդված էր հրապարակել Ռուսաստանի քաղաքներից մեկի խանութում հայտնաբերված թթու վարունգի մի տարայի շուրջ, որը բերվել էր Լեռնային Ղարաբաղից: «Եւ ինչպե՞ս էին նրանք աշխարհաքաղաքականություն գտել վարունգի տարայի մեջ»,- հարց էին տվել ռուսական լրատվամիջոցները: