Եվրամիությունը կարող է իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների առաջընթացում, եւ «Արեւելյան գործընկերության ծրագիրը» տվյալ ուղղությամբ քայլերից մեկն է: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է շվեդական խորհրդարանի պատգամավոր, կառավարող «Մոդերատ» կուսակցության անդամ Գուստավ Բլիքսը:
«ԵՄ-ն եւ Շվեդիան, մասնավորապես, ցանկանում են կառուցողական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի սառեցված հակամարտության կարգավորման գործում: Վստահ եմ, որ Եվրամիությունը կարող է իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների առաջընթացում, եւ «Արեւելյան գործընկերության ծրագիրը» տվյալ ուղղությամբ քայլերից մեկն է»,- ասել է Բլիքսը:
Նրա խոսքով, ԵՄ-ն կարողացել է զգալի հաջողություններ գրանցել Եվրոպայում հակամարտությունների կարգավորման գործում՝ ինտեգրման եղանակով: Նա, սակայն, կասկածում է, որ հակամարտությունը հնարավոր է արագ լուծել:
«Հակամարտությունը շարունակվում է արդեն 20 տարուց ավելի, եւ միամիտ կլինի կարծել, որ կարելի է միանգամից հաջողության հասնել»,- նշել է Բլիքսը: Նա նաեւ առաջարկել է կարգավորման գործում ներգրավել տարածաշրջանային այլ երկրների, օրինակ Թուրքիային:





























