Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է հունվարի 14-ին եւ 15-ին հայ-ադրբեջանական շփման գծում երկու հայ զինծառայողների վիրավորվելու փաստը:

«Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի շարունական խախտումները եւ վերջին օրերին երկու հայ զինծառայողների վիրավորվելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»,- ասել է Կարապետյանը:

Նրա խոսքով, «Ադրբեջանի ղեկավարությունը իր ռազմատենչ կեցվածքով ու շփման գծում անընդհատ լարվածություն առաջացնելով փորձում է մարտական ոգի հաղորդել պարտության բարդույթ կրող զինվորին` մղելով հերոսության»:

«Այդ փորձերը ժամանակավրեպ են: Ադրբեջանցի զինվորը հերոսանալու առիթը վաղուց բաց է թողել»,- ասել է ՊՆ նախարարի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ հունվարի 14-ին ժամը 12.25-ի սահմանում շփման գծի հարավարեւելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված գնդակից ձախ անրակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող 19-ամյա Վարդան Անդրանիկի Հարությունյանը: Նրա վիճակը բավարար է:

Դրանից մեկ օր անց` հունվարի 15-ին ժամը 17.20-ի սահմանում նմանատիպ մեկ այլ միջադեպ է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի  արեւելյան  (Ասկերանի) ուղղությամբ: Հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում ձախ բազկի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող 19-ամյա Խաչատուր Մուրադի Ասլանյանը:

Ժամը 18.00-ին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է: