Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի հավատում իր պաշտոնանկության մասին լուրերին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Ս. Խաչատրյանը՝ հավելելով, թե լրատվամիջոցներում այդ մասին շրջանառվող խոսակցությունները մտացածին են։ «Որոշ լրատվամիջոցներ արդեն 15 տարի է՝ ասում են, թե ինձ պաշտոնանկ են անելու։ Ես ինչ է, հիմա պետք է ամեն անգամ մեկնաբանե՞մ։ Ես համարում եմ դա անլուրջ խոսակցություն, դե թող ասեն, էլի՛, ինչ ասեմ։ հենց պարապ են մնում, ասում են՝ քեզ հանում են»,-հայտարարեց Խաչատրյանը։ Նա նաեւ հավելեց, որ այս պահի դրությամբ իր պաշտոնանկության վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվում եւ իր դիրքերն ամուր են։
Հարցին, թե եթե, բոլոր դեպքում որոշում կայացվի իրեն պաշտոնից հեռացնել, նման որոշումը հիմնավո՞ր կլինի, Սյունիքի մարզպետն արձագանքեց. «Ես ուզում եմ մի բան ասել՝ ամեն մի պաշտոնի նշանակվող մարդ, հենց որ պաշտոնի է նշանակվում, այդ պահից սկսած պետք է նաեւ ինքն իրեն տրամադրի հանվելու համար»։
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում այս տարվա հունվարի սկզբներին տեղի ունեցած միջադեպից հետո հատել է իշխանությունների համբերությունը եւ մարզպետին պաշտոնանկ անելու որոշում է կայացվել։ Խոսքը
Ագարակի քաղաքապետի եղբոր՝ Մհեր Զաքարյանի կողմից մոտ 10-12 հոգու հետ միասին Ագարակի մի բնակչի ծեծի, իսկ նրա ընկերոջը՝ վրաերթի ենթարկելու մասին է։ Երբ ծեծի ենթարկված քաղաքացին՝ ագարակցի Արսեն Հովհաննիսյանը, ում նկատմամբ հետապնդումներ են իրականացվել քաղաքապետի հարազատների կողմից, այդ մասին տեղյակ է պահել այդ մասին Սյունիքի մարզպետին, վերջինս խոստացել է իր պաշտպանության տակ վերցնելու քաղաքացուն՝ դիմելով իրավապահներին։ Սակայն, «Հետք» լրատվական կայքի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանն ասել է. «Ի՞նչ պաշտպանություն, պտի խփեն-սպանեն դրան, վաբշե...»։
Նկատենք, որ ըստ լուրերի, Սյունիքի մարզպետի ամենահավանական թեկնածուների շարքում նշվում է «Սյունյաց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանի անունը:
Հաջորդ մարզպետը, ում պաշտոնանկության հարցը նույնպես, ըստ NEWS.am-ի տեղեկությունների ակտիվ կերպով քննարկվում է իշխանական կուլիսներում, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն է։ Նա ընդամենը մի քանի ամիս առաջ՝ հուլիսին է նշանակվել մարզպետ, սակայն նրա անցած 6 ամիսների աշխատանքն, ըստ լուրերի, չի բավարարում կառավարության ղեկավարին։ NEWS.am-ի թղթակիցը փորձել է մարզպետից ճշտել՝ իր պաշտոնանկության հարցը քննարկվո՞ւմ է, թե՝ ոչ։ Էդիկ Բարսեղյանը մարզպետարանի լրատվական ծառայության պատասխանատուի միջոցով մեզ փոխանցեց, թե չի պատրաստվում մեզ հետ «նման անլուրջ հարցեր քննարկել»։
Հ.Մանուկյան





























