Կապանի Շահումյան եւ Բանավան թաղամասում բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործումը «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից մտահոգել է բնապահպաններին եւ Սյունիքի մարզկենտրոնի բնակչությանը: Հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը բնապահպաններ «Էկոլուր» ,«Էկոդար» եւ «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունների նախագահներ Ինգա Զառաֆյանը, Հրայր Սվազյանը եւ Սիլվա Ադամյանը նշեցին, որ հանքի շահագործումը Սյունիքում առաջացնելու է բազմաթիվ բնապահպանական եւ առողջական խնդիրներ:

«Էկոլուրի» նախագահը տեղեկացրեց, որ Կապանում արդեն գրանցվել է մեկ դեպք, երբ չորս տարեկան երեխայի ատամներն ամբողջությամբ սեւացած են եղել, իսկ  Սիլվա Ադամյանն էլ իր հերթին նշեց, որ Սյունիքում` մասնավորապես Քաջարանում, պղնձամոլիբդենային կոմբինատի պատճառով արդեն իսկ բազմաթիվ հիվանդ երեխաներ են ծնվում եւ եթե Կապանում հանքը բաց եղանակով շահագործվի, ապա նույնը կկրկնվի նաե այդտեղ:

Բնապահպանները միաձայն նշեցին, որ համապատասխան պետական գերատեսչություններին այս խնդիրը չի հուզում:

«Մինչեւ ե՞րբ պետք է այս գործողությունները շարունակվեն։ Մենք կորցնում ենք Զանգեզուրը, կոմբինատի շահագործման  պատճառով շուտով այս տարածքում բնակիչներ չեն մնա: Իսկ մնացած բնակիչներն էլ կտառապեն ծանր հիվանդություններով։ Արդյոք, կառավարությունը միայն հանքեր շահագործելու մասի՞ն է մտածում»,– նշեց «Թռչնասերների կենտրոն»-ի նախագահը:

Թեեւ կառավարությունը հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույլտվություն դեռ չի տվել, սակայն բնապահպանները պատրաստվում են արդեն իսկ դիմել  «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» ղեկավարությանը, ինչպես նաեւ Եվրոպական բանկին, որպեսզի վերջինս չֆինասնավորի հանքի շահագործումը: