Այս պահին լարված իրավիճակ է նաեւ Հայաստանի կառավարության շենքի առջեւ։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանների մի մեծ խումբ շրջափակել է կառավարության շենքը, որի դիմաց նաեւ մեծ թվով ցուցարարներ կան։

Իրավապահներն արդեն մեծ թվով անձանց բերման են ենթարկել։

Մելիք-Ադամյան փողոցի հատվածում ավտոբուսներով ոստիկանների խմբեր բերվեցին, որոնք հենց փողոցում սկսեցին հագնել սաղավարտներն ու վահանները:

Նշենք, որ ցուցարարները բաժանվել են մի քանի խմբի. մի մեծ խումբը Էրեբունի համայնքում է, մեկ այլ մեծ խումբ շարժվում է Մաշտոցի պողոտայով, մի խումբ էլ երթով շարժվում է Վարդանանց փողոցով: Այլ խմբեր եւս կան քաղաքի տարբեր հատվածներում:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, Արցախի փողոցում բախում տեղի ունեցավ ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, ծխանռնակներ կիրառեց եւ տարավ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին:

Ուժայինները բռնի ուժով բազմաթիվ ցուցարարների են բերման ենթարկել: