2010թ. արտաքին քաղաքականության օրակարգում էր Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ շուրջ չորս տասնյակ երկրներում անց են կացվել միջոցառումներ, որոնց իրենց աջակցությունն են ցուցաբերել Հայաստան դիվանագիտական ներկայացուցչությունները: Այդ մասին ասված է Հայաստանի ԱԳՆ-ի 2010 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ:
2010 թ. բացվեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցը, որը շուտով կտա իր առաջին շրջանավարտներին: Եւ արդեն հայտարարվել է երկրորդ ընդունելությունը: Փոփոխության ենթարկվեց Դիվանագիտական ծառայության մասին օրենքը, նախարարությունում կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ:
Անցած տարի 7 երկրներում բացվեցին Հայաստանի դեսպանություններ (Քուվեյթ, Չեխիա, Իսպանիա, Ճապոնիա, Բրազիլիա, Իրաք, Նիդեռլանդներ):
Շարունակվել են աշխատանքները միջազգային հանրային կարծիքի ձեւավորման ուղղությամբ: Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը ելույթներ են ունեցել աշխարհի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում, հարցազրույցներ են տվել միջազգային առաջատար լրատվամիջոցներին: Հանրապետության նախագահը կատարել է 22 օտարերկյա այց, Հայաստան է ժամանել այլ երկրների 6 ղեկավար: ԱԺ նախագահը 9 այցելություններ է կատարել արտերկիր: Վարչապետը 8 օտարերկրյա այցելություններ է ունեցել, Հայաստան է այցելել օտարերկրյա 3 կառավարության ղեկավար, ԱԳ նախարարը 24 այցելություն է կատարել, Երեւան է ժամանել 14 երկրի արտգործնախարար եւ 5 միջազգային կազմակերպությունների ղեկավար:
Ակտիվ եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականության շնորհիվ միջազգային ասպարեզում Հայաստանը շարունակեց իր դիրքերի ամրապնդումը` որպես կանխատեսելի եւ վստահելի գործընկեր, ասված է հաշվետվության մեջ:





























