Հայ-վրացական բանակցությունների ընթացքում մշտապես քննարկվել են վիրահայությանը հուզող խնդիրները: Այդ մասին ասված է Հայաստանի ԱԳՆ-ի 2010 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ:
Ըստ հաշվետվության՝ 2010 թ. Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կայացել են մի շարք բարձրաստիճան շփումներ, այդ թվում` հունվարի 26-ին Վրաստանի վարչապետ Ն. Գիլաուրիի աշխատանքային այցը Հայաստան, փետրվարի 22-23-ը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վրաստան, հունիսի 13-15-ը ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի աշխատանքային այցը Վրաստան, իսկ սեպտեմբերի 3-4-ը Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի աշխատանքային այցը Հայաստան:
2010թ. մարտի 1-ին, Հայաստանի միջնորդությամբ ընթացած բանակցությունների արդյունքում, վերաբացվել է Վրաստանի եւ ՌԴ միջեւ ավտոմոբիլային «Կազբեգի»-«Վերին Լարս» սահմանային անցակետը, որը չէր գործում 2006թ. օգոստոսից:
Հաշվետվության մեջ առանձին կետով ներկայացվել է նաեւ Իրանի հետ փոխհարաբերությունների խնդիրը: Ըստ այդմ, հաշվետու ժամանակաշրջանը հայ-իրանական հարաբերությունների համագործակցության առումով նշանավորվել է մի շարք գերատեսչությունների միջեւ տեղի ունեցած փոխադարձ այցերի առատությամբ եւ շփումներով: Իրան են այցելել Հայաստանի պաշտպանության, կրթության եւ գիտության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները:
Տարվա ընթացքում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձություններից էր 2010 թ. հոկտեմբերի 25-26-ը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության Թեհրան կատարած այցը: Հոկտեմբերի 8-10-ը Երեւան ժամանեց Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը:
Հաջողությամբ շարունակվել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: 2010 թ. հունվարի 26-27-ը Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի եւ Իրանի միջկառավարական հանձնաժողովի հերթական` 9-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Երեւան էր ժամանել ԱԳ նախարար Մ. Մոթթաքին:
Քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով 2010 թ. սեպտեմբերի 15-16-ը Թեհրանում էր գտնվում Հայաստանի ԱԳ նախարար Է. Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:





























