Կրթության եւ գիտության նախարարության կողմից 2011-ին նախատեսված բուռն աշխատանքները նախարար Աշոտյանին հնարավոր պաշտոնանկությունից ապահովագրելուն միտված չեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, , նշեց ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ի պատասխան իր հնարավոր պաշտոնանկության մասին NEWS.am-ի թղթակցի հարցի:
«Տարեվերջին արդեն իսկ ասել եմ, որ ով իր աշխատանքի որակով ու ծավալով, ինչպես նաեւ իր անձնական հատկություններով չի համապատասխանի երկրի ղեկավարի կողմից մատնանշված չափանիշներին եւ կառավարման նոր մշակույթին, չպետք է աշխատի, այդ թվում՝ ես»,- ասաց նա, հավելելով, որ նախարարության կողմից 2011-ին նախատեսված բուռն աշխատանքները ոչ այնքան եւ ոչ միան նախարարի, այլ ամբողջ նախարարության աշխատանքներն են։
«Իհարկե, իմ լուման այդ աշխատանքների նախագծման մեջ կա եւ կլինի, ինչպես որ կլինի ցանկացած անհատինը, ով պատիվ կունենա մի օր այստեղ աշխատել իբրեւ ԿԳ նախարար։ 2008 թվականից առ այսօր իմ եւ հնարավոր կադրային փոփոխությունների մասին հրապարակված նյութերում մի 15 անգամ ինձ նշանակել են դեսպան, մի 5 անգամ տարել են ուրիշ տեղեր։ Ես ինձ համար մի կանոն եմ դուրս բերել՝ մամուլի հետ կապված Աշոտյանի կանոնը, որտեղ հրապարակումների թիվը հակառակ համեմատական է կադրային հնարավոր փոփոխություններին. որքան ավելի շատ են գրում, այնքան ավելի քիչ է լինում եւ հակառակը՝ լինող բանը տեղում լինում է»,-ամփոփեց նախարարը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը 2010-ի ավարտին անարդյունավետ աշխատանքի պատճառով պաշտոնանկ էր արել մի շարք նախարարների։





























