2011-ին կրթության եւ գիտության ոլորտները շարունակելու են մնալ կառավարության գերակա ուղղություններից եւ այդ ոլորտի բարեփոխումների արդյունքները պետք է զգան հնարավորինս մեծ թվով շահառուներ: Հունվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Սկսելով նախակրթական ոլորտում իրականացվելիք աշխատաքներից՝ նա տեղեկացրեց, որ 2011-ին նախատեսվում է հանրապետության Արմավիրի, Գեղարքունիքի,Վայոց Ձորի եւ Սյունիքի շուրջ 70 համայքներում ստեղծել նախադպրոցական կրթօջախներ։ «Ծրագիրը կիրականացվի Համաշխարհային  բանկի հետ համատեղ, եւ նշված 4 մարզերում կստեղծվեն նախակրթարաններ, որտեղ հաճախելու հնարավորություն կստանան շուրջ 2000 երեխաներ»,- նշեց նա։

Անդրադառնալով ավագ դպրոցների թեմային՝ նախարարն ընդգծեց, որ 2011-ին ավագ դպրոցների ցանցն  ամբողջացվելու է։ «Սա լինելու է ավագ դպրոցների ստեղծման վերջին տարին։ Չեմ բացառում, որ 2011-ից հետո որոշակի փոփոխություններ այս ոլորտում եւս տեղի կունենան։ Բայց ինչ վերաբերում  է այս տարվան, ապա այդ գործընթացը կավարտվի։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել եւս 15 ավագ դպրոց եւ հանրապետությունում տարեվերջին դրանց թիվը հասցնելով 105-ի»,- ասաց Աշոտյանը։