Հայաստանի նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը:

Համապատասխան հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը.
Ընդունել Կառավարության հրաժարականը»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ հրաժարական է տվել Սերժ Սարգսյանը:

Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ կետով սահմանվում է, որ վարչապետի հրաժարականն ընդունվելուց հետո յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Նույն հոդվածի համաձայն, Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն արդեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե այս դեպքում՝ եւս պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: