Ամենակարեւոր մարտահրավերը, որը կանգնած է Հայաստանի առջեւ, պատերազմի վերսկումը թույլ չտալն է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը։
«Որեւէ հարց չարժե որեւէ հայ զինվորի կյանք։ Դրա համար պետք է ամեն ինչ անել՝ պատերազմ թույլ չտալու համար»,-նշեց Արզումանյանը։ Նա նկատեց, որ 2011 թվականին տարբեր երկրներում մեկնարկելու են ընտրություններ. Մասնավորապես ընտրություններ են սպասվում Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում եւ այդ պարագայում դժվար է ակնկալել, որ միջազգային հանրությունն այդքան մեծ նշանակություն կտա ԼՂ հարցի կարգավորմանը»,-նշեց ՀԱԿ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները, որոնք չունեն ոչ արտաքին եւ ոչ էլ ներքին լեգիտիմություն, փորձ են անելու պահպանել ստատուս քվոն եւ ամեն ինչ անելու են, որպեսզի ԼՂ հարցի լուծումը ձգձգվի եւ հասնի մինչեւ նախընտրական փուլ։ «Երբ այդ երկրներում կսկվի ընտրությունների տարափը, որոշ ժամանակով ԼՂ հարցը մոռացության կտրվի»,-նշեց Արզումանյանը։
Նա նաեւ հավելեց, որ արտաքին քաղաքական ոլորտում շատ բան կախված է Nabucco էներգետիկ ծրագրի գործարկումից։ «Ես երբեք չեմ տարանջատում քաղաքականությունը եւ տնտեսությունը։ Մանավանդ զարգացած երկրներում շատ դեպքերում տնտեսությունն է թելադրում արտաքին քաղաքականությունը։ Շատ բան կախված կլինի գազային պատերազմների հանգուցալուծումից»,-հայտարարեց Արզումանյանը՝ առաջարկելով սպասել մինչեւ ապրիլ, երբ այդ հարցում որոշակի հստակեցումներ կմտցվեն։





























