Հոլիվուդյան լեգենդար «Յուրայի դարաշրջանի պարկ» ֆիլմը, երեւում է, մասնակիորեն իրականություն է դառնում։ Ճապոնացի գիտնականները նախօրեին հայտարարել են, որ 4-5 տարի անց իրենց, հնարավոր է, հաջողվի վերածնել մամոնտներին, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Daily Telegraph-ին։

Գաղափարը պատկանում է Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Ակիրու Իրիտանիին։ Այսքան հավակնոտ նախագծով հանդես գալուն գիտնականին դրդել է 2008 թվականին Կենսաբանական զարգացման կենտրոնի դոկտոր Տերուխիկո Ուակայամայի կողմից մշակված տեխնոլոգիան, որի շնորհիվ հնարավոր է եղել 16 տարի սառեցված մկան բջիջներից հաջող կերպով մուկ կլոնավորել։

«Միակ բանը, որ մեզ պետք է, սառած մամոնտի որակյալ նմուշն է»,- հայտարարել է Ակիրու Իրիտանին։ Նա ասել է, որ նմուշ կարող է գտնել Սիբիրում։

Իրիտանին նախատեսում է առավել առողջ, գենետիկ քիչ վնասներ կրած  կորիզները ներդնել աֆրիկական փղի ձվաբջջի մեջ։ Այսկերպ, աֆրիկական փիղը մամոնտի համար կծառայի իբրեւ սուրոգատ մայր։ Ճիշտ է, հաջող բեղմնավորման համար կպահանջվի երկու տարի, հղիությունը կտեւի 600 օր։ 

«Կարծում եմ՝ հույսեր կան, եւ առաջին  առողջ մամոնտը լույս աշխարհ կգա արդեն 4-5 տարի հետո»,-պրոֆեսորի խոսքեր է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։