Համաշխարհային բանկի հետ համատեղ՝ 2011-ին Հայաստանում կմեկնարկի ուսնողական վարկերի պիլոտային ծրագիրը։ Հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, ուսանողների վարկավորման փաստաթուղթը պատրաստ է դեռեւս նախագծային տեսքով։ «Այդ փաստաթուղթը պետք է ստանա կառավարության հավանությունը։ Բայց մինչ այդ նախատեսվում են նախագծի հանրային եւ ուսանողական կառույցների հետ քննարկումներ»,- ասաց Աշոտյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ պիլոտային ծրագիրը նախատեսված է 50 ուսանողների համար։ «Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով կկարողանանք ֆինանսավորել այդքան մարդու։ Գումարն ամբողջությամբ 1,5 մլն դոլար է։ Ընդ որում, վարկերի տրամադրման դեպքում գործելու են 3 հիմնական սկզբունքեր՝ փոքր, ոչ առեւտրային տոկոսադրույքներ, վարկի տրամադրման երկար ժամկետներ եւ մարման հնարավորինս մեղմ պայմաններ»,- նշեց նախարարը:
Ամփոփելով՝ նա ավելացրեց, որ ծրագիրը կառավարության քննարկմանը կներկայացվի մինչեւ այս տարվա առաջին կիսամյակ։




























