Անհրաժեշտ է լուրջ բարեփոխումներ իրականացնել քրեակատարողական հիմնարկների կառուցվածքում եւ հրաժարվել դատապարտյալների պահման խորհրդային զորանոցային պայմաններից: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արդարդատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով անհրաժեշտ է անցնել դատապարտյալների միայնակ պահման համակարգին, ավելի մեծ ուշադրություն դարձնել նրանց զբաղվածությանը եւ ավելի հաճախ որպես պատիժ օգտագործել «տնային կալանքը»:

Նախարարը նաեւ դեմ է արտահայտվել դատապարտյալների կողմից բջջային հեռախոսների օգտագործման փաստին: «Աշխարհի որեւէ վայրում չկա նման պրակտիկա: Դատապարտյալները կարող են ազատ օգտվել ֆիքսված հեռախոսակապից, սակայն ոչ բջջային կապից: Ուստի ՔԿՀ-ներում հատուկ խլացուցիչներ են դրվելու, որպեսզի դատապարտյալները չկարողանան օգտվել բջջային կապից»,- ասել է նախարարը:

Նա նաեւ ընդգծել է նոր ՔԿՀ-ների կառուցման եւ հների վերանորոգման անհրաժեշտությունը: