Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի  հանդիպման ընթացքը փակ է լինելու, միայն վերջում հնարավորություն կլինի հարցեր տալու։ Այս մասին ապրիլի 24-ին՝ NEWS.am-ի հետ զրույցում նշել է «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը՝պատասխանելով Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ վաղը կայանալիք հանդիպման ֆորմատի մասին հարցին։

Նրա խոսքով՝ հանդիպման փակ անցկացումը եղել է փոխհամաձայնությամբ։

Հարցին, թե կան արդյոք հարցեր, որոնք քննարկումը փակ պիտի լինի հանրությունից, նա պատասխանեց, որ գաղտնի ոչինչ չի քննարկվելու. «Սա զուտ արված է Կարեն Կարապետյանի եւ մնացածի հարմարության համար, որ մարդիկ իրենց ազատ զգան, իրենց ամբողջական մտքերը արտահայտեն։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք»։

Նա նաեւ հավաստիացրեց, որ հանդիպման ժամանակ փոխզիջման կամ զիջման մասին խոսք գնալ չի կարող, կողմերը պետք է գրանցեն իրողությունը։