Հունվարի 21-ին Երեւանի ավագանու դիտարկմանը կներկայացվի  քաղաքապետարանի կառուցվածքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների նախագիծ։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Անցնելով օրակարգային հարցերին,  Երեւանի քաղաքապետը նախ անդրադարձել է մայրաքաղաքի կենտրոնում շինարարության ծավալներին՝ նշելով, որ դրանք էականորեն նվազելու են. «Բացի բակային տարածքների բարեկարգումից, Կենտրոնում որեւէ այլ շինթույլտվություն սկզբունքնորեն չի տրվելու, կանաչ տարածքի հաշվին որեւէ շինարարություն չի լինելու։ Ինքնակամ եւ ապօրինի շինարարության ոլորտում նույնպես մենք կոշտ քաղաքականություն ենք իրականացնելու»։ Վերահսկողությունը շարունակական է լինելու նաեւ ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ։

Տրանսպորտի  վարչությանը հանձնարարվել է գույքագրել   ավտոկայանտեղիները եւ դրանք բերել օրինական դաշտ։ Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության եւ ուղեւորահոսքը կառավարելի դարձնելու նկատառումով առաջարկվել է տրանսպարտային նոր հայեցակարգ մշակել, այդ նպատակով մայրաքաղաքի բանուկ հատվածներում տեղադրել տեսախցիկներ։

Կարեն Կարապետյանը անդրադարձել է նաեւ կրթական ոլորտի կառավարմանը եւ շեշտադրել, որ դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարվող մրցույթներին ապահովվի  առնվազն երկու թեկնածուի  մասնակցություն. « Տարիներ շարունակ ձեւավորվել է արատավոր համակարգ, երբ վերապատրաստման դասընթացների գնում եւ հավաստագրեր ստանում են միայն գործող տնօրենները, արդյունքում չկա մրցակցություն եւ անընդհատ վերարտադրում ենք նույն համակարգը, ինչն անթույլտրելի է »,- նկատել է քաղաքապետը։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի