ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երեւան քաղաքի Արարատյան փողոցում երկու քաղաքացու վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արարատյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  հետիոտներ Գ.Աբովյանին եւ Ա.Չիլինգարյանին, որի հետեւանքով  ստացած մարմնական վնասվածքներից վերջիններս մահացել են: Պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը քաղաքացիներին վրաերթի ենթարկելուց  հետո շարունակելով ընթացքը բախվել է հանդիպակաց ուղեգոտում գտնվող ճաղավանդակներին, որի հետեւանքով ավտոմեքենայի 3 ուղեւորները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը գտնվել է 0,937 մգ/լ ալկոհոլային հարբածության վիճակում: Վերջինս ձերբակալվել է:

 Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: