«Ինչպես եւ մեր բարեկամ Կիպրոսը,մենք սովորություն չունենք մեր խնդիրները լուծել սպառնալիքների եւ քաղաքական շահարկումների լեզվով»,- այս մասին այսօր՝ հունվարի 17-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Կիպրոսի նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասի հետ համատեղ ասուլիսում իր ելույթի ժամանակ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարբերություններին, ՀՀ նախագահն ասել է. «Կարծում եմ, քաջատեղյակ եք, որ չնայած հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամությանը, հայ-թուրքական սահմանն առաջվա պես փակ է, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:
Հայաստանը դեմ չէ հարեւան Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։ Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ Թուրքիային չի հաջողվի ճանապարհ հարթել դեպի Եվրոպական Միություն առանց իր անցյալի հետ հաշտվելու եւ անմիջական հարեւանների հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու»:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի եւ Կիպրոսի հիմնախնդիրների կարգավորման հեռանկարներին Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք համամիտ ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է լուծվի` հաշվի առնելով պատմական անցյալն ու յուրահատկությունները: Հենց դա է պատճառը, որ մենք սատարում ենք միմյանց դիրքորոշումները՝ այդ հակամարտությունների կարգավորման առումով եւ չենք համարում, որ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները իրարամերժ են»:
ՀՀ նախագահի ներկայացմամբ, Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների միջեւ հաստատվել են ամուր կապեր, որոնց հիմքում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, իսկ նոր ժամանակներում` նաեւ ընդհանուր եվրոպական ժողովրդավարական արժեքները:
«Հայ-կիպրական բարեկամությունն ունի զարգացման մեծ ներուժ: Այսօր ստորագրված չորս փաստաթղթերը կարեւոր խթան են այդ ուղղությամբ:
Մենք պայմանավորվեցինք պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ ինտենսիվությունը:
Գոհունակությամբ եմ նշում, որ հատկապես վերջին շրջանում բավականին ակտիվ զարգացում է ապրում համագործակցությունը մեր երկրների ռազմական գերատեսչությունների միջեւ: Ինձ համար սա նաեւ անձնական նշանակություն ունի, որովհետեւ այս համաձայնագիրը ես եմ ստորագրել 2002թ., երբ ՀՀ պաշտպանության նախարարն էի»,- ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ երկու երկրների միջեւ ձեւավորված ամուր մշակութային կապերի զարգացումը` մասնավորապես ակտիվ մշակութային փոխանակումների միջոցով: «Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերությունները փայլուն ապագա ունեն»,- ամփոփել է նա:



























